Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին ռազմական գործողություններն արժանացել են նրա կողմնակիցների հավանությանը, սակայն փոխնախագահ Վենսի ակնհայտ լռությունը հարցեր է առաջացրել, գրում է Financial Times-ը։
Գրեթե 72 ժամ է անցել այն պահից, երբ Վենսը վերջին անգամ հանդես է եկել հրապարակային մեկնաբանությամբ, թեև սովորաբար նա շատ ակտիվ է սոցիալական ցանցերում և համարվում է Թրամփի մոլի աջակիցը։ Արձագանքի այս բացակայությունը ենթադրությունների է հանգեցրել՝ Թրամփի և Վենսի միջև հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ։
«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրեթե 72 ժամ որևէ կերպ հրապարակավ չի մեկնաբանել ռազմական արշավը, մինչդեռ հանրապետական օրենսդիրները ելույթ էին ունենում հեռուստատեսությամբ»,- գրում է պարբերականը։
Վերջերս Վենսը խզել է լռությունը Fox News հեռուստաալիքին տված վեցրոպեանոց հարցազրույցով՝ պաշտպանելով Թրամփի որոշումը և պնդելով, որ այն ԱՄՆ-ին չի ներքաշի Մերձավոր Արևելքի երկարատև հակամարտությունների մեջ։
ԱՄՆ փոխնախագահի խորհրդականը հավաստիացրել է, որ Վենսը լիովին ներգրավված է գործողության պլանավորման գործընթացում, իսկ Սպիտակ տունը հերքել է ցանկացած ենթադրություն այն մասին, թե Վենսը մեկուսացված է եղել որոշումների կայացումից։
Վենսը համարվում է 2028 թվականին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հիմնական հավակնորդներից մեկը։ Եթե նա որոշի առաջադրվել, ստիպված կլինի անդրադառնալ Թրամփի վարչակազմի գործունեությանը, ներառյալ Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններ իրականացնելու որոշմանը։





























