Ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը և ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը ցուցմունք կտան Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի առջև՝ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով իրականացվող հետաքննության շրջանակներում։

Գեյթսի մասնակցությամբ նիստը նախատեսված է մայիսի 19-ին Վաշինգտոնում։ Բացի նրանից, հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը հրավիրել է ևս վեց հոգու։ Նրանց թվում են նախագահ Բարաք Օբամայի օրոք Սպիտակ տան իրավաբանական հարցերով նախկին խորհրդական Քեթրին Ռյումլերը և նախկին նախագահ Բիլ Քլինթոնի անձնական օգնական Դագ Բենդը։ Ինքը՝ Քլինթոնը, հանձնաժողովին ցուցմունք է տվել փետրվարի 27-ին։

Քոմերը նաև հայտնել է, որ Լատնիկը նիստին կմասնակցի կամավոր հիմունքներով։ Նրա խոսքով՝ նախարարն ինքն է պատրաստակամություն հայտնել կանգնել հանձնաժողովի առջև և պատասխանել հարցերին՝ ընդգծելով թափանցիկության սկզբունքին իր հավատարմությունը։ Նրա մասնակցությամբ լսումների ամսաթիվը դեռևս հստակեցված չէ։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Լատնիկն անձամբ է կապ հաստատել Քոմերի հետ և հայտարարել ցուցմունք տալու ցանկության մասին։

Թե՛ Գեյթսը, թե՛ Լատնիկը հիշատակվում են Էպշտեյնի գործի վերաբերյալ նյութերում, որոնք հրապարակվել են ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից։ Microsoft-ի համահիմնադիրն ավելի վաղ ներողություն էր խնդրել Գեյթսի հիմնադրամի աշխատակիցներից՝ սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստի հետ կապերի համար։ Լատնիկը նույնպես խոստովանել է, որ ծանոթ է եղել Էպշտեյնի հետ, սակայն պնդել է, որ դադարեցրել է նրա հետ շփումները դեռևս 2005 թվականին։ Այդուհանդերձ, հրապարակված փաստաթղթերը վկայում են 2011 և 2012 թվականներին Լատնիկի և Էպշտեյնի հանդիպումների մասին, ինչը քննադատության տեղիք է տվել նրա ընդդիմախոսների շրջանում։