Նախորդ տարվա վերջին վարչապետը խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներին ասաց, որ ով ցանկություն ունի, թող գա և նոր ձեռք բերած զենքերը տեսնի, և օրերս ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասում էր, որ ինքը ցանկություն հայտնել է գալ և տեսնել զենքերը, սակայն թույլ չեն տալիս։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Նա եզրահանգման էի եկել, որ իշխանությունները ինչ-որ բաներ ունեն թաքցնելու, քողարկելու։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, սա ևս մանիպուլյացիայի դաշտի՞ց է, թե՞ իրոք ինչ-որ խնդիր կա»,–ասաց նա դիմելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Վերջինս ի պատասխան նշեց. «Վարչապետի հայտարարությունից հետո, ես ևս մի քանի անգամ, այդ թվում նաև այս ամբիոնից, հրավիրել եմ այստեղ նստած մեր գործընկերներին, որպեսզի նրանք կազմակերպվեն, խմբակցություններին հրավիրել էինք, որպեսզի գան այն փուլում, երբ մենք հնարավորություն էինք ստեղծել, այսինքն տեղափոխել էինք համապատասխան վայր, նոր գնված զենք-զինամթերք և ցուցադրում էինք բոլոր այն խմբերին, որոնք ինքնակազմակերպվում էին, իրենց համար նույնպես այդ հնարավորությունը եղել է։

«Հայաստան» խմբակցությունը չի արձագանքել։ Մի անգամ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասել է, որ զենքերի ցուցադրությունը տեղի է ունենում զորավարժությունների և զորահանդեսների միջոցով։ Մենք դա ընդունել ենք ի գիտություն։

Մյուս խմբակցությունը չի արձագանքել, արձագանքել է մեկ պատգամավոր, որ ինքը պատրաստ է գալ ևդա նայել։ Բնականաբար, երբ ինձ դա ասել են, ես ասել եմ՝ կներեք, բայց ես չեմ պատրաստվում մեկ պատգամավորի համար հարյուրավոր մարդկանց տանել հունվար ամսին կանգնեցնել, որ մեկ պատգամավոր գա բարեհաճի, գա և մեր ընձեռած հնարավորությունից օգտվի։

Նորից եմ առաջարկում, թող բարի լինեն, հավաքվեն և համապատասխան քանակով մարդկանց համար մենք այդ հնարավորությունը կստեղծենք։ Կամ թող սպասեն, եթե հնարավորությունը կունենան այլ ձևով, այլ փուլում»։