Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր` փետրվարի 15-ին, ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային, որի ժամանակ նշվել է, որ երկու երկրների համակողմանի փոխգործակցության հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան` այսօր իրականացվում է:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերի, միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Ուկրաինայի դեսպանը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում համագործակցության նկատելի առաջընթացի համար եւ շնորհակալություն է հայտնել, որ միջազգային կառույցներում հայ խորհրդարանականները պաշտպանում են ուկրաինական պատվիրակությունների դիրքորոշումներն ու աջակցում նրանց:

Դեսպանի խնդրանքով, Գալուստ Սահակյանը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումները` տեղեկացնելով, որ  ԱԺ-ում այդ թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Նա ներկայացրել է իրենց կուսակցության քաղաքական սկզբունքն  առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականության մասին, որը ոչ միայն երկրի կայունության ու զարգացման նախադրյալ կլինի, այլեւ  ավելի կամրապնդի միջազգային կառույցներում Հայաստանի դիրքն ու հեղինակությունը: «Քաղաքական դաշտն ու մթնոլորտը Հայաստանում այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը լիարժեք կարող են դրսեւորել իրենց հնարավորությունները», - նշել է Գ. Սահակյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ երկու երկրների մշակութային կապերի զարգացմանը, Ուկրաինայում հայկական համայնքի կենսական խնդիրներին, հայկական հուշարձանների պահպանությանն առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: