Ներքին գործերի և միգրացիայի հարցերով Եվրոպական հանձնակատար Մագնուս Բրուները հայտարարում է, որ Թուրքիայի իշխանությունները փակել են Իրանի ուղղությամբ սահմանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ Politico-ն, հղումով ԵՄ ներկայացուցչին, հայտնել էր, որ Եվրամիության իշխանությունները մտավախություն ունեն նոր միգրացիոն ճգնաժամի առաջացման հնարավորությունից՝ կապված Մերձավոր Արևելքի տարածաշրջանում շարունակվող կոնֆլիկտի հետ։

«Երկուշաբթի հնարավորություն ունեցա  հեռախոսազրույել (Թուրքիայի արտգործնախարար) Հական Ֆիդանի հետ։ Նա ինձ վստահեցրեց, որ փակել է Իրանի ուղղությամբ սահմանները», — ասել է Բրուները գերմանական Bild թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի պատճառով Եվրոպա փախստականների նոր հոսքի վտանգ կա։

Բրուները նաև նշել է, որ աշխարհի ցանկացած կոնֆլիկտ «գործնականում մարտահրավեր է Եվրոպայի համար»։

Ֆիդանը ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան մշակել է ծրագրեր՝ Իրանից հնարավոր միգրացիոն ալիքի դեպքում, պայմանավորված տարածաշրջանում լարվածության աճով։ Այս ընթացքում Թուրքիայի Ներքին գործերի նախարար Մուսթաֆա Չիֆթիչը ուրբաթ հայտարարել է, որ Իրանի հետ սահմանային իրավիճակը կայուն է և անհանգստանալու պատճառներ չկան․ Իրանը թույլ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել Թուրքիա, բայց երրորդ երկրների քաղաքացիները կարող են հատել սահմանը, ինչպես նաև թույլատրվում է թուրքերի մուտքը Իրան։