Դատախազը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի համար 5 տարվա ազատազրկում է պահանջել փաստաբան Դեւիդ Միլզին կաշառք տալու համար:
Փետրվարի 15-ի դատավարության ժամանակ պետական մեղադրող Ֆաբիո դե Պասկուալեն Բեռլուսկոնիի մեղքն ապացուցված է համարել եւ հայտարարել է, որ նրա պաշտպանությունը կեղծ փաստաթղթերի վրա է կառուցված, հայտնում է Agence France-Presse-ը:
Բեռլուսկոնիի կոռուպցիոն գործը դատարանում վերանայվում է 2007 թվականից: Նրան մեղադրում են, որ 1997 թվականին կառավարության ղեկավար լինելու ընթացքում մեդիամագնատ Բեռլուսկոնին 600 հազար դոլարի կաշառք է տվել փաստաբան Միլզին, որպեսզի նա թաքցնի արդարադատությունից իր հովանավորյալ ընկերությունների հարկերի վճարումից խուսափելու փաստը:
Նախկին վարչապետի մեղքի ապացույցներից է համարվում Միլզի նամակն իր հաշվապահին, որում նա խոստովանել է, որ փող է ստացել «Բ.-ի մարդկանցից»:
Բեռլուսկոնիին, ամենայն հավանականությամբ, կհաջողվի խուսափել ազատազրկումից գործի վաղեմության ժամկետի պատճառով:
Նույնիսկ եթե նախկին վարչապետին մեղավոր ճանաչեն, նրա փաստաբանները կարող են դիմել 15 տարվա վաղեմության գործի դատավճռի բողոքարկմանը, գրում է Reuters-ը:
Ներկայումս իտալական դատարաններում շարունակվում են Բեռլուսկոնիի նկատմամբ մի քանի դատավարություններ: Բացի կոռուպցիայից եւ հարկերից խուսափելուց, նրան կասկածում են անչափահաս մարմնավաճառուհու հետ սեռական հարաբերության մեջ մտնելու, իշխանության չարաշահման եւ պետական գաղտնիքի խախտման մեջ, հիշեցնում է Lenta.ru-ն:




























