Փոքր հրդեհ է բռնկվել «Երևան մոլում» այսօր առավոտյան ինը ինը անց 15 սահմաններում։ Հրդեհային ծառայություն ես ժամանել են ահազանգով, այսինքն աշխատել են մեր բոլոր համակարգերը, պատճառը դեռ ճշտվում է ինչից կարող է տեղի ունեցած լինել հրդեհը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Երևան մոլ» առևտրային կենտրոնի փոխտնօրեն, բիզնեսի զարգացման գծով տնօրեն Շուշան Ավագիմյանը։
«Ամեն դեպքում ոչ մի տուժող չունենք, ոչ մի մեծ բռնկում չունենք, տեղային է եղել և շատ արագ մարվել է։
Հենց մուտքի դիմացի հատվածի խանութների տանիքային հատվածում է բռնկվել հրդեհը։ Այդ պահին շենքում եղել է «մոլի» ամբողջ անվտանգության հերթապահող թիմը, հակահրդեհային համակարգեր սպասարկող թիմերը, էլեկտրիկները։ Մենք միշտ ունենում ենք 24 ժամ հերթապահություն և մեր մարդիկ տեղում են եղել։ Բայց հրշեջները ժամանել են ոչ թե ահազանգով, որ զանգել, կանչել են, այլ համակարգի տված ազդանշանի արդյունքում, ինչը նշանակում է, որ մեր համակարգերը ամբողջությամբ սարքին են և աշխատում են»,–ասաց նա։
Հարցին՝ մոտավորապես որքա՞ն ժամանակ պահանջվեց հրդեհաշեշման աշխատանքների համար, փոխտնօրենը պատասխանեց. «Եթե հիմա ժամը 10:30 է, մենք արդեն մարդկանց թողնում ենք մտնել խանութներ և սկսել իրենց բնականոն աշխատանքային օրը, ենթադրում եմ ամենաշատը մոտ 40-50 րոպե է տևել այդ ամենը։
Ամենայն հավանականությամբ կոնկրետ այդ խանութը այսօր չի աշխատի, որովհետև փոքր վնասվածք ունի տանիքում և նաև հրշեջաշիջման աշխատանքների արդյունքում ջուր է ամբողջությամբ խանութում։
Ըստ նախնական տվյալների, այո, որպես հնարավոր պատճառ դիտարկվում է կարճ միացումը, բայց պաշտոնական ոչինչ չեմ կարող ասել, մինչև վերջնական եզրակացությունը չլինի։
Այս պահին արդեն աշխատակիցները ներս են մտնում, սկսում են իրենց բնականոն աշխատանքը, էլեկտրականությունը վերականգնվել է, որևէ խոչընդոտող բան այս պահին չունենք»,– ընդգծեց նա։











