Կատարը խստորեն դատապարտում է եղբայրական Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարվածի փորձը և Ադրբեջանի օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Այս մասին ասված է Կատարի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այնտեղ նշվում է․
«Այս թշնամական գործողություններն իրենցից վտանգավոր էսկալացիա և պետությունների ինքնիշխանության ակնհայտ խախտում են ներկայացնում։ Դրանք իրանական անպատասխանատու հարձակումների շարքի մի մասն են և ուղղակի սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար։
Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նոր ճակատների բացումը և հարևան երկրների հետ հարաբերություններում լարվածության հետևողական մեծացումը ծայրաստիճան վտանգավոր են։ Գերատեսչությունը կոչ է անում Իրանին անհապաղ դադարեցնել այս անպատասխանատու քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը, և առաջնահերթություն տալ տարածաշրջանի ժողովուրդների շահերին, ինչպես նաև հավատարիմ մնալ բարիդրացիության սկզբունքներին ու միջազգային իրավունքին։
Նախարարությունն ընդգծում է եղբայրական Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ Կատարի լիակատար համերաշխությունը, ինչպես նաև իր աջակցությունն այն բոլոր քայլերին, որոնք ձեռնարկվում են վերջիններիս կողմից՝ սեփական ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»։





























