Ալյումինի գինը մոտ չորս տարվա ընթացքում հասել է ամենաբարձր մակարդակին՝ Մերձավոր Արևելքից մատակարարումների խափանումների պատճառով: Պատճառը Հորմուզի նեղուցի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք առանցքային նշանակություն ունեն հումքի համաշխարհային առևտրի համար:
Մարտի 4-ին սակարկությունների ընթացքում մետաղի գինը բարձրացել է 4,3%-ով՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 3418,5 դոլարի՝ 2022 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցելով 3400 դոլարի սահմանագիծը: Ավելի ուշ աճը դանդաղել է. ժամը 17:17-ի դրությամբ ալյումինի գինն աճել է 2,15%-ով և վաճառվել է 3348 դոլարով: Հետագայում արժեքորոշումները ենթարկվել են շտկման՝ հասնելով 3323 դոլարի (-1,89%):
Գների աճը հետևել է Aluminium Bahrain (Alba) ընկերության հայտարարությանը, որը պայմանագրերի գծով «ֆորս-մաժոր» է հայտարարել՝ բեռնափոխադրումներ իրականացնելու անհնարինության պատճառով: Ընկերությունից պարզաբանել են, որ սահմանափակումները կապված են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի հետ. արտադրությունը շարունակվում է, սակայն մատակարարումները ժամանակավորապես դադարեցված են:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը (ԻՀՊԿ) հայտարարել էր Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին և զգուշացրել այդ տարածքով անցնող նավերի համար առկա ռիսկերի մասին։ Նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ծովային երթուղիներից մեկը. դրանով է անցնում նավթի և գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
AZ China խորհրդատվական ընկերության տվյալներով՝ Մերձավոր Արևելքի երկրներին բաժին է ընկնում ալյումինի համաշխարհային արտադրության շուրջ 9%-ը, ուստի շուկան ավանդաբար զգայուն է տարածաշրջանում իրավիճակի սրման նկատմամբ։
Նախկինում «ֆորս-մաժորի» մասին հայտնել էր նաև QatarEnergy-ն, որը դադարեցրել էր Ռաս Լաֆանի գործարանում իրականացվող հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրությունը՝ ձեռնարկության վրա հարձակումից հետո։ Ավելի ուշ ընկերությունը հայտարարել է մի շարք նավթաքիմիական արտադրանքների թողարկման ժամանակավոր դադարեցման մասին։ Financial Times թերթն այս քայլն անվանել է «աննախադեպ»։
Հակամարտության էսկալացիան փետրվարի վերջին մեծացրել է հումքային շուկաների տատանողականությունը։ Մասնավորապես, Չիկագոյի ապրանքային բորսայում (CME) ոսկու ապրիլյան ֆյուչերսը մարտի 2-ին աճել է 3,54%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 5434,1 դոլարի, սակայն հաջորդ օրը գները ենթարկվել են շտկման։





























