Իրանի նավթային արդյունաբերության նախարարությունը հերքել է ավելի վաղ տարածված` ԵՄ վեց երկրներին նավթի մատակարարումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ այս տեղեկատվությունը տարածել էր իրանական հեռուստատեսությունը:
«Մենք հերքում ենք այս լուրերը… Եթե նման որոշում կայացվեր, դրա մասին կհայտարարեր Իրանի ազգային անվտանգության խորհուրդը», - հայտարարել է նախարարության ներկայացուցիչը:
Իր հերթին Եվրահանձնաժողովը եւս չի հաստատել Իրանի կողմից նավթի մատակարարման դադարեցման լուրը: Բրյուսելում, սակայն, նշել են, որ եթե դա տեղի ունենա, Եվրոպայի նավթի պաշարները կբավականացնեն 120 օր, գրում է rbc-ն:
Ավելի վաղ իրանական Press TV հեռուստաալիքը հաղորդել էր, որ նավթի արտահանումը դադարեցվել է Եվրամիության վեց երկրների համար` Հունաստան, Իտալիաա, Իսպանիա եւ Պորտուգալիա, ինչպես նաեւ Նիդեռլանդներ եւ Ֆրանսիա:
Համապատասխան որոշումը, համաձայն հեռուստաալիքի, ընդունվել էր որպես հակակշիռ երկրի նավթագազային արտադրանքի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցների:




























