ԵՄ-ի և Պարսից ծոցի երկրների նախարարները Իրանին կոչ են անում անհապաղ դադարեցնել Պարսից ծոցի երկրների վրա իր «անկանոն» հարձակումները՝ զգուշացնելով, որ այդ հարվածները սպառնում են միջազգային անվտանգությանը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Նախարարները խստորեն դատապարտել են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների վրա Իրանի անհիմն հարձակումները, որոնք սպառնում են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը, և Իրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել այդ հարձակումները»,- ասված է ճգնաժամի վերաբերյալ նրանց տեսակոնֆերանսից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։





























