Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի տեղակալ Համիշ Ֆալկոները հինգշաբթի ելույթ է ունեցել խորհրդարանում՝ զգուշացնելով, որ իրանական ճգնաժամը երկարաժամկետ խնդրի վերածվելու նշաններ է ցույց տալիս, հաղորդում է Reuters-ը։
Նա նշել է, որ ներկայիս նշանները ցույց են տալիս, որ ճգնաժամը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։
Ֆալկոներն ընդգծել է, որ իրավիճակը դինամիկ է և դուրս է գալիս կարճաժամկետ միջադեպի շրջանակից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։





























