Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն իր խոսքում նշել է. «Ձեր այցելությունները մշտապես ավարտվում են նոր եւ նշանակալի ծրագրերի ներդրմամբ ու երկկողմ համագործակցության զարգացմամբ: Հայաստանի երկաթուղային տրանսպորտի բնագավառում առկա է տեսանելի առաջընթաց եւ տպավորիչ արդյունքներ, ինչը շատ հաճելի է»:

Վլադիմիր Յակունինը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության լավ արդյունքները ստիպում են մտածել երկաթգծի բնագավառի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մասին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն՝ արդյունավետ համագործակցության համար:

Այնուհետեւ Վլադիմիր Յակունինը ՀՀ վարչապետին է ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ նշելով, որ վերջինս ունի աշխատանքային մեծ փորձ եւ մշտապես զբաղեցրել է բարձր պաշտոններ:

Տիգրան Սարգսյանը եւ Վլադիմիր Յակունինը բարձր են գնահատել ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի աշխատանքը եւ մաղթել նրան հետագա հաջողություններ:  

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր եւ պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել դրանք՝ աշխատանքային խմբերի մակարդակով: