ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները խափանել են Իրանի Բուշերի հիվանդանոցի էլեկտրամատակարարումը, որի հետևանքով մահացել են նորածիններ, հայտնել է  Iranist թելեգրամյան ալիքը։

«Նոր ցնցող կադրեր Բուշերի հիվանդանոցի նորածնային բաժանմունքից։ Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով անջատվել են կյանքի ապահովման սարքերը՝ սպանելով նորածինների»,- գրում է ալիքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածները թիրախավորել էին Իրանի մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմ սկսեց նաև «Հըզբոլլահը»։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։