Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարության փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Քաիս ալ-Մոհամմադավին հինգշաբթի հաստատել է, որ ԱՄՆ զորքերը Նաջաֆ նահանգում իրականացրել են օդային գործողություն՝ այդ քայլը որակելով անհամակարգված և չարտոնված, հաղորդում է Shafaq News-ը։

Ալ-Մոհամմադավին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ուժերը վայրէջք են կատարել անապատում՝ ակնհայտորեն աջակցելու հետախուզություն իրականացնող կամ սարքավորումներ տեղադրող մեկ այլ ստորաբաժանմանը։

«Գործողությունը դավաճանական և վախկոտ էր»,- ասել է նա՝ հավելելով, որ ուժերը տարածք են մտել առանց Իրաքի իշխանությունների թույլտվության։

Փոխրամանատարը հավելել է, որ Բաղդադը պաշտոնական բողոք է հղել Համաշխարհային կոալիցիային և միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել։

Ալ-Մոհամմադավին ասել է, որ իրաքյան ուժերը լուսաբացին տարածքն ուժեղացրել են երկու հակաահաբեկչական գումարտակներով, որոնք սանրել են անապատային գոտին, բայց օտարերկրյա զորքերի որևէ մնացորդ չեն գտել՝ ընդգծելով, որ Իրաքը թույլ չի տա օտարերկրյա զորքերի մուտքն իր տարածք, եթե նրանց ներկայությունը խաթարի ազգային անվտանգությունը։

Նա հավելել է, որ անվտանգության ուժերին հրամայվել է ավելացնել պարեկային ծառայություններն ամբողջ երկրում, մասնավորապես՝ անապատային տարածքներում, միաժամանակ հաստատելով, որ Ժողովրդական զորահավաքի ուժերը (ԺԶՈՒ) գործում են որպես Իրաքի պաշտոնական անվտանգության կառուցվածքի մաս՝ գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո։