Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իր «հրաշալի իսրայելցի գործընկերներին», որոնք ժամանակացույցից շուտ «շարունակում են ոչնչացնել թշնամուն և այնպիսի մակարդակներով, որոնք մարդիկ երբեք չեն տեսել»։

«Ամեն ժամ մենք ոչնչացնում ենք ավելի շատ իրանական հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ դրանք շարքից հանելով»,- ասել է նա։

Թրամփը հայտարարել է, որ Իրանը « ռազմաօդային ուժեր, օդային պաշտպանություն չունի» և որ «նրանց բոլոր ինքնաթիռները չքացել են»։ ԱՄՆ նախագահը աշխարհի տարբեր դեսպանատներում գտնվող իրանցի դիվանագետներին կոչ է արել փախուստի դիմել և ապաստան խնդրել։

Թրամփը միաժամանակ կրկնել է իր նախկին սպառնալիքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներին՝ նրանց հորդորելով հրաժարական տալ. եթե նրանք դա անեն, լիակատար անձեռնմխելիություն կստանան, իսկ եթե ոչ, կսպանվեն, հավելել է նա։