ԱՄՆ-ը խորտակել է ավելի քան 30 իրանական նավ, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ադմիրալ Բրեդ Կուպերը, հայտնում է BBC News։

Նրա խոսքով, վերջին 72 ժամերի ընթացքում ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել գրեթե 200 թիրախի Իրանում։

«Եվ ընդամենը վերջին մի քանի ժամերի ընթացքում մենք խորտակել ենք իրանական անօդաչու թռչող սարքեր տեղափոխող նավ, որը չափերով գրեթե համընկնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ավիակրի հետ։ Իսկ մինչ մենք խոսում ենք, այն կրակի մեջ է», - նշել է Կուպերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Հարվածները թիրախավորել են Իրանի մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմական բազաների վրա։

Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմ է սկսել նաև «Հըզբոլլահ»-ը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։