Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը, որը շարունակվում է արդեն վեցերորդ օրը, լարվածության մեջ է պահում ինչպես տարածաշրջանը, այնպես էլ աշխարհը՝ լուրջ տնտեսական հետևանքներ առաջացնելով այլ տարածաշրջանների բնակիչների համար։

NEWS.am-ը ներկայացնում է Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ուրբաթ առավոտվա դրությամբ

Իսրայելական բանակը լայնածավալ հարվածների շարք է սկսել Թեհրանի ենթակառուցվածքների դեմ, պայթյուններ են տեղի ունեցել քաղաքում։

Իրանը կրկին հարձակվել է Թել Ավիվի և ԱՄՆ ռազմական բազաների վրա Քաթարում ու Քուվեյթում։

Բախումներ են տեղի ունեցել «Հեզբոլլահ»-ի և իսրայելական ուժերի միջև, ծանր մարտեր են գրանցվել Լիբանանի հարավում գտնվող Ալ-Ադիսում և Թայեբում։ Իրանամետ շարժումը հրթիռներ է արձակել Հայֆայի ռազմածովային բազայի վրա և կոչ է արել իսրայելցիներին լքել Լիբանանի սահմանից 5 կիլոմետր շառավղով բոլոր բնակավայրերը։

Պենտագոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն զինամթերքի պակաս չունի, ինչը թույլ է տալիս «գործողություններն իրականացնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և մեր ռազմական ներկայությունը միայն աճում է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել «աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրանցի դիվանագետներին ապաստան խնդրել և օգնել նոր և ավելի լավ Իրանի ձևավորմանը», հայտարարելով, որ իրանական հրթիռներն ու արձակման կայանքները ոչնչացվել են «համապատասխանաբար մոտավորապես 60%-ով և 64%-ով»։