Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 15-ին, ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Վլադիմիր Յակունինը ՀՀ նախագահին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը: Նախագահը շնորհավորել է Վիկտոր Ռեբեցին եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ընկերության նախկին գլխավոր տնօրեն Շեւքետ Շայդուլինին՝ արդյունավետ համագործակցության եւ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին եւ նախատեսվող ծրագրերին: