2008-2011 թվականներին Հայաստանի երկաթուղում ներդրվել է 72,1 մլրդ դրամ: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, նշել է Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Երեւանում հանդես գալով «Ռուսաստանի երկաթուղի» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ համատեղ ասուլիսում:

Հիշեցնենք, որ «Ռուսաստանի երկաթուղի» ընկերության դուստր ձեռնարկություն հանիդսացող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը կոնցեսիոն պայմանագրով կառավարում է Հայաստանի երկաթուղին:

«Ներդրումային ծրագիրը շատ արդյունավետ էր, բարձրացել է երկաթուղու անվտանգությունն ու երկաթուղու արդյունավետությունը»,-ասել է նախարարը: Կոնցեսիոն կառավարման ժամանակաշրջանում 1,4 անգամ աճել է շարժակազմերի եւ ուղեւորահոսքերի արագությունը: Ընկերության բեռնափոխադրումները 2009-2011 թվականներին աճել են 14 տոկոսով եւ կազմել 815 մլն տոննա/կմ:

«Բացի այդ, 2011-ին ՀԿԵ-ն դադարեց վնասաբեր ընկերություն լինելուց»,-ընդգծել է Յակունինը: