Դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված և գործունեությունը դադարեցրած «Լիարժեք չափ» (առավել հայտնի է «Ֆուլ սայզ էլեկտրոնիքս») ընկերության տնօրեն Մհեր Խաչատրյանը, ում հետ տևական ժամանակ չեն կարողանում կապ հաստատել խանութից տուժած շուրջ 100 տուժողներ, NEWS.am-ում հրապարակված <«Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից» վերտառությամբ հրապարակումից հետո կապ է հաստատել խմբագրության հետ և պարզաբանում ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ սնանկության դատարանը, նախագահությամբ դատավոր Ինգա Բարսեղյանի, 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել կասեցնել «Լիարժեք չափ» ընկերության գործունեությունը և հետախուզում հայտարարել ընկերության անվամբ հաշվառված գույքերի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով սնանկության դատարանում քննված դատական գործը:

Նշենք, որ դեռևս մեկուկես տարի առաջ մատչելի գներով կենցաղային տեխնիկայի առաջարկով ընկերությունը հարյուրավոր քաղաքացիներից միլիոնավոր դրամներ էր ստացել, սակայն այդպես էլ չէր մատակարարել պատվիրված ապրանքները։ Չնայած նախորդ տարվա հունվարին բարձրացված աղմուկից հետո ընկերությունը խոստացել էր կատարել բոլոր առաքումները, սակայն մինչ օրս քաղաքացիները չեն ստացել ո՛չ իրենց պատվիրած ապրանքները, ո՛չ էլ դրա դիմաց վճարած գումարները:

Ընկերության վերաբերյալ ներկայումս երկու քրեական վարույթ է քննվում Քննչական կոմիտեում. մեկը վերաբերվում է «Լիարժեք չափ» (նույն ինքը՝ «Ֆուլ սայզ») ՍՊԸ-ի կողմից հարկերը չվճարելու դեպքին, մյուսը՝ առերևույթ խարդախություն կատարելու դեպքին:

Ներկայացնում ենք իրավիճակի առնչությամբ Մհեր Խաչատրյանի պարզաբանումն ամբողջությամբ:

«Հաշվի առնելով «Լիարժեք չափ» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարածվող տարբեր մեկնաբանությունները՝ ցանկանում եմ ներկայացնել իմ պարզաբանումը։ Նախ ցանկանում եմ նշել, որ որևէ կանխամտածված նպատակ երբեք չի եղել մարդկանցից գումարներ ստանալու և նրանց ապրանքները չհանձնելու վերաբերյալ։ Ես՝ Մհեր Խաչատրյանս, մշտապես կապի մեջ եմ եղել հաճախորդների հետ, պատասխանել եմ նրանց հարցերին և պատրաստակամություն եմ հայտնել հնարավորության սահմաններում լուծել առաջացած խնդիրները։ Սակայն ստեղծված իրավիճակը պայմանավորված է մի շարք բարդ հանգամանքներով, որոնք առաջացել են ընկերության բնականոն գործունեության ընթացքում։ Քննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող հրապարակել կամ մանրամասնել որևէ նյութ, սակայն կարող եմ նշել, որ մշտապես համագործակցել եմ և շարունակում եմ համագործակցել բոլոր իրավասու մարմինների հետ։ Հաճախորդների գումարների վերադարձի հարցի վերաբերյալ ևս ցանկանում եմ ընդգծել, որ որևէ խուսափելու կամ պատասխանատվությունից հեռանալու խնդիր չկա և չի կարող լինել։ Ստեղծված իրավիճակում առաջացած դժվարությունները կապված են ընկերության գործունեության նկատմամբ առաջացած խոչընդոտների հետ, որոնք ազդել են բիզնեսի բնականոն աշխատանքի վրա։ Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ որևէ խարդախ սխեմա չի եղել և չի կարող լինել։ Ստեղծված խնդիրները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ տարբեր կառույցների կողմից ընկերության բնականոն գործունեությանը խոչընդոտող գործողություններով։ Նախապես կանխատեսված կամ միտումնավոր սնանկացման մասին խոսք լինել չի կարող։ Վստահ եմ, որ ընթացող գործընթացների ավարտից հետո ամբողջական պատկերը կհստակեցվի, և կբացահայտվի իրականությունը։ Այդ ժամանակ պարզ կդառնա, որ որևէ կանխամտածված գործողություն կամ խարդախություն չի եղել, և որ իմ կողմից երբեք չի եղել մարդկանց նկատմամբ վնաս պատճառելու նպատակ։ Համոզված եմ, որ վերջնական արդյունքում կհաստատվի ճշմարտությունը և արդարությունը, որոնք չեն կարող անտեսվել»: