«Հրաշք այգում» ապօրինի պահվող կենդանիների տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի կապ չունի COP17 համաժողովի հետ, նմանատիպ տեղափոխում իրականացվել է նաև COP17-ից առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու գիտության գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։
Փետրվարի 3-ին Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման վայրից, թույլտվություն չունենալու հիմքով, Տեսչական մարմինը Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխել 7 վայրի կենդանի, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչուններ։ Մասնավորապես տեղափոխվել են՝ 1 լուսան, 2 սպիտակագլուխ անգղ, 2 կռունկ, 1 Ալեքսանդրյան թութակ և 1 Կրամերի վզնոցակիր թութակ։ Կենդանաբանական այգում կենդանիները անցել են կարանտինային շրջան և բուժզննում։
«Սպիտակագլուխ անգղերը բավականին հյուծված վիճակում էին։ Սկզբում անցել են համապատասխան վերականգնողական շրջան։ Փոքր տարածության մեջ մնալու և քիչ թռչելու արդյունքում մկանային հյուսվածքների չափերի փոքրացում է տեղի ունեցել, ինչը բավականին տարածված երևույթ է։ Իսկ լուսանն ու թութակները ներկայումս լավ վիճակում են գտնվում։ Կռունկներից մեկի թեւը կոտրված էր երբ բերել էին, մյուս թեւի կեսը բացակայում էր, ուստի այդ կռունկը այլևս չի թռչի»,- նշեց փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։





























