Արդյո՞ք այս պատերազմը Իրանի դեմ է, ես կարծում եմ՝ դա միանշանակ չէ, որովհետև Իրանի հետ որևէ խնդիր գոյություն չուներ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Օմանի արտգործնախարարը ասել էր՝ ամեն ինչ շատ լավ է գնում, բոլոր հարցերի շուրջ արդեն մենք համաձայնության էինք գալիս, և գուցե հենց պատճառը այն էր, որ համաձայնության էին գալիս, պատերազմ սկսվեց։ Պատերազմը սկսելուց հետո Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, հայտարարեց, որ ինքը 40 տարի սպասել է այս օրվան։ Այսինքն պարզ է, չէ՞, որ խնդիրը միջուկային ծրագիրը չէր։ 40 տարի ծրագրում կար, որ Իրանը պետք է ռմբակոծվի և փլուզվի որպես երկիր։ 7 երկիր կար և 7–րդ երկիրը Իրանն էր, որ պետք է ռմբակոծվեր։ Դրանից առաջ ռմբակոշվել էին Իրաքը, Սիրիան և այլն։

Հիմա եթե այս տրամաբանությամբ ենք մոտենում հարցին, ապա արդյո՞ք խնդիրը Իրանն էր, և արդյո՞ք սա Իսրայելի հարցն է, Միացյալ Նահանգների հարցն է։ Այստեղ միանգամից տարբեր ուժեր են գործում և տարբեր նպատակներով։ Միանշանակ չի, որ Արևմուտքը միասնական է, միանշանակ չէ, որ ԱՄՆ–ն և Բրիտանիան ունեն նույն նպատակը և տարբեր խաղեր չեն խաղում, միանշանակ չէ, որ ԱՄՆ–ն  ու Իսրայելը ունեն նույն նպատակը։

Ըստ մի տարբերակի, Իսրայելին պետք է, որ ընդհանրապես որևէ մեծ երկիր չլինի Մերձավոր Արևելքում և ինքը լինի միակ հեգեմոնը։

Կա մի տարբերակ, որ նույնիսկ Իսրայելին պետք է, որ ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքից հեռանա, կա տարբերակ, որ Բրիտանիային է պետք, որ ինքը փոխարինի Միացյալ Նահանգներին։

Նաև գոյություն ունի կրոնական տարբերակ, ըստ որի սա կրոնական պատերազմ է, և նպատակը այդ տաճարի վերականգնումն է և Ալլաքսա մզկիթի քանդելը, որ երրորդ Մեսիան գա։ Էլ ես չեմ խոսում Չինաստանի, Ռուսաստանի մասին»,–ասաց նա։

Անդրադառնալով Նախիջանի տարածքին ԱԹՍ–ներով հարձակվելուն, Դանիելյանն ասաց, որ այստեղ էլ վարկածները տարբեր են. «Ըստ մի վարկածի, դա կարող է Թուրքիան և Ադրբեջանն են արել, որպեսզի մտնեն պատերազմի մեջ, կա վարկած, որ սա քրդերի միջոցով են արել, որովհետև քրդերը Իրանում ինչ-որ տարածքներ են փոքր վերցրել, որտեղ նաև զինվորական պահեստներ կան։ Եվ հնարավոր է իրենք կարողացել են այդ թռչող սարքեր մի քանի հատ առգրաբել իրանցիներից և ուղղել դեպի Նախիջևան։ Սրանք Իսրայելի վերահսկողության տակ գտնվող քրդական խմբեր են, նպատակն այն է, որ իրենք խփում են Նախիջևանին, Ադրբեջանը պատասխանում է Իրանին, Ադրբեջանին ներքաշում են պատերազմի մեջ, Թուրքիան ստիպված մտնում է պատերազմի մեջ, որովհետև ունի պարտավորություններ Շուշիի հռչակագրով։

Բայց այստեղ այլ հարց կա, արդյո՞ք Թուրքիային պետք է, որ Իրանում քրդերի ինքնավարություն լինի, որտեղ 7 մլն քրդեր կան։ Այսինքն Իրանի փլուզումը բերում է նաև Թուրքիայի փլուզման։ Պատահական չէր, որ Իսրայելի ամենաբարձրագույն պաշտոնյաները վերջերս հայտարարել են, որ իրենց հաջորդ խնդիրը Թուրքիան է, և Թուրքիան ավելի լուրջ խնդիր է, քան Իրանը։  Սա ես ասում եմ, որ մենք հասկանանք, որ մեծ խաղ է գնում և մոտակա տարիներում արյուններ են հոսելու, պատերազմներ են լինելու։ Սա երկարատև պատերազմ է լինելու և բոլորը բոլորի դեմ»։