ԱՄՆ զինված ուժերը բավարար պաշտպանություն չունեն իրանական Shahed կամիկաձե անօդաչու թռչող սարքերի դեմ, գրում է The Atlantic-ը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրին։

«ԱՄՆ զինված ուժերը լավ պաշտպանություն չունեն Shahed [անօդաչու թռչող սարքերի] դեմ»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Կոնգրեսում փակ դռների հետևում անցկացված ճեպազրույցից հետո։ Ըստ աղբյուրի՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնն խոստովանել են այդ խնդիրը։ «Նրանք ստիպված են օգտագործել իրենց ունեցած պաշտպանությունը։ Դա թանկ է նստում», - հավելել է աղբյուրը։

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը, հղում անելով արևմտյան պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Թեհրանի անօդաչու թռչող սարքերի զինանոցը հնարավորություն կտա շարունակել պատասխան հարվածները, նույնիսկ եթե իր հրթիռային պաշարները սպառվեն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։