ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ CNN-ին հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը «վնասազերծված է», և որ ինքը փնտրում է նոր ղեկավարություն, որը լավ կվերաբերվի Միացյալ Նահանգներին և Իսրայելին, նույնիսկ եթե դա կրոնական առաջնորդ լինի և երկիրը ժողովրդավարական չդառնա։

«Իրանն արդեն նույն երկիրը չէ, ինչ մեկ շաբաթ առաջ,- ասել է նա CNN-ի հետ կարճ հեռախոսազրույցում։ -Մեկ շաբաթ առաջ նրանք ուժեղ էին, իսկ հիմա նրանք գործնականում վնասազերծված են»։

Թրամփը վստահություն է հայտնել, որ նոր առաջնորդի ընտրությունը հեշտ կլինի. ընդ որում նա ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է մասնակցի այդ գործընթացում, և կրկին համեմատել է իրավիճակը Վենեսուելայի հետ, որտեղ, ըստ նրա, ԱՄՆ-ն ավելի վաղ գերի էր վերցրել Նիկոլաս Մադուրոյին և իշխանության բերել նրա տեղակալին։

«Դա շատ հեշտությամբ կաշխատի։ Կաշխատի այնպես, ինչպես Վենեսուելայում։ Մենք այնտեղ հրաշալի առաջնորդ ունենք։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում։ Եվ դա կլինի ճիշտ այնպես, ինչպես Վենեսուելայում»,- ասել է նա՝ նկատի ունենալով նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին։

Թրամփը հայտարարել է նաև, որ չի բացառում Իրանում կրոնական առաջնորդի ի հայտ գալու հնարավորությունը։

«Հնարավոր է՝ այո։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի մարդ կլինի նա։ Ես դեմ չեմ կրոնական առաջնորդներին։ Ես շատ կրոնական առաջնորդների հետ եմ աշխատում, և նրանք հրաշալի են»,- ասել է նա։

Հարցին՝արդյոք նա պնդո՞ւմ է, որ Իրանը դառնա ժողովրդավարական պետություն, Թրամփը CNN-ին պատասխանել է. «Ոչ։ Ես ասում եմ, որ պետք է լինի մի առաջնորդ, որը արդար և ազնիվ կլինի։ Առաջնորդ, որը լավ աշխատանք կկատարի, լավ կլինի Միացյալ Նահանգների, Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների համար՝ նրանք բոլորը մեր գործընկերներն են»։

Այնուհետև նա սկսել է գովաբանել Մերձավոր Արևելքի երկրների հետ իր հարաբերությունները՝ պնդելով, որ նրանք «պայքարում են մեզ համար»։

 «Ես շատ բարեկամացել եմ այդ բոլոր երկրների հետ։ Դրա համար էլ նրանք բոլորը պայքարում են մեզ համար։ Նախքան իմ միջամտությունը, մենք նույնիսկ չէինք խոսում ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ։ Գիտեք, Բայդենը նրանց ասպարեզից հեռացրլ էր։ Բայդենն ու Օբաման վանեցին Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Կատարին, նա բոլորին վանեց։ Նրանք պատրաստվում էին աշխատել Չինաստանի հետ, բսակայն ես միջամտեցի, և շատ կարճ ժամանակում նրանք դարձան իմ բարեկամները»,- ասել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է նաև, որ Կուբան «շուտով կտապալվի», թեև նշել է, որ ներկայիս իրավիճակի հետ դա ուղղակիորեն կապ չունի։

 «Ի դեպ, Կուբան նույնպես շուտով կտապալվի։ Նրանք շատ են ուզում գործարք կնքել»,- ասել է նա CNN-ի հաղորդավարուհի Դանա Բաշի հետ հեռախոսազրույցում՝ անդրադառնալով իր երկրորդ ժամկետի ընթացքում ամերիկյան զինվորականների հաջողություններին։

 «Նրանք գործարք են ուզում, ուստի ես այնտեղ կուղարկեմ Մարկոյին (պետքարտուղար Ռուբիո), և կտեսնենք, թե դա ինչ արդյունք կտա։ Մենք հիմա կենտրոնացած ենք այս իրավիճակի վրա։ Մենք դեռ ժամանակ ունենք, սակայն Կուբան պատրաստ է՝ 50 տարի անց»,- հավելել է նա։

«Ես Կուբային արդեն 50 տարի է, ինչ հետևում եմ, և այն բառացիորեն ձեռքս ընկավ, շնորհիվ ինձ։ Այն միևնույն է, փլուզվեց, սակայն արդյունքում ձեռքս ընկավ։ Եվ մեր գործերը շատ լավ են»,- շարունակել է նա։

Նախօրեին Թրամփը Սպիտակ տանը հայտարարել էր, որ կուբայական ծագում ունեցող ամերիկացիների հայրենիք վերադարձը միայն «ժամանակի հարց է», ակնարկելով, որ դա կարող է լինել վարչակազմի օրակարգի հաջորդ կետը Իրանի հետ շարունակվող պատերազմից հետո։

 «Նա հիանալի աշխատանք է կատարում, իսկ մյուս խնդիրն այն է, որ ուզում ենք զբաղվել Կուբայով»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով իր պետքարտուղարին։

«Նա սպասում է։ Բայց նա ասում է. «Եկեք նախ սա ավարտենք»։ Մենք կարող էինք ամեն ինչ միաժամանակ անել, բայց այդ դեպքում վատ բաներ են պատահում։ Եթե նայեք երկրների պատմությանը, երբ ամեն ինչ չափազանց արագ է արվում, վատ բաներ են տեղի ունենում։ Մենք թույլ չենք տա, որ այդ երկրի հետ որևէ վատ բան պատահի»։