Վոլգոգրադի «Բելաջո»  սրճարանում պայթյունի եւ հրդեհի արդյունքում  տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` ավելացնելով, որ սրանք նախնական տվյալներ են:

Միաժամանակ` տուժածների թվում կան  Ռուսաստանի հայազգի քաղաքացիներ: Ըստ հրապարակված նախնական ցուցակի` ծանր վիճակում են գտնվում Սվետլանա Ղազարյանը (21 տարեկան) եւ Ագնեսա Ղազարյանը (27 տարեկան): Երկուսն էլ Վոլգոգրադի բնակիչներ են:

Եւս երեք հայեր հիվանդանոց են տեղափոխվել միջին ծանրության այրվածքներով` Եկատերինա Պահակյան (35 տարեկան), Արթուր Աբրահամյան եւ Շահբազյան Աննա: Եկատերինան եւ Արթուրը նույնպես Վոլգոգրադի բնակիչներ են, իսկ թե որտեղից է Աննան, չի հայտնվում:

Իտալական «Բելաջիո» ռեստորանում հրդեհը բռնկվել է փետրվարի 14-ին տեղական ժամանակով  21.27-ին: Ըստ նախնական տեղեկության` պայթել են շինությունը ջեռուցող գազի բալոնները: Տուժել է 24 մարդ, նրանցից 11-ը ծանր վիճակում են, եւս 10-ը` միջին ծանրության, երեք հոգու էլ բժիշկները տուն են թողել:

Հեռախոսով հրդեհը նկարած ականատեսները  НТВ-ին պատմել են, որ «այդ ամենի ընթացքում «Բելաջիոյի» այցելուները դուրս են թռել պատուհաններից», տեսել են «ամբողջովին այրված կնոջ ցնցոտիներով, նրան մի տղամարդ էր տանում: Եւս մի ճաղատ տղամարդու են տեսել, նույնպես այրված, հետո եւս երկու անգամ պայթյունի ձայն է եկել»:

Սրճարանից բացի, ամբողջովին այրվել է նրա վերեւում գտնվող մեկ բնակարան: