Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հաշվի առնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված դաժան ռազմական արշավի ժամանակ զոհված հարյուրավոր անմեղ իրանցի քաղաքացիների փաստը՝ ՄԱԿ-ին հիշեցնելով Իրանի դեմ չհրահրված և անօրինական պատերազմի համար իր իրավական պատասխանատվության մասին, հայտնում է Tasnim-ը:

Շաբաթ օրն Արաղչին սոցցանցերում պատասխանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական ագրեսիայի հետևանքով «համաշխարհային տնտեսության համար ստեղծված լուրջ ռիսկերի» վերաբերյալ և կոչ էր արել ջանքեր գործադրել «մարտական գործողությունները դադարեցնելու» համար։

«Հարգարժան պարոն Գլխավոր քարտուղար, եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Սրանք «մարտական գործողություններ» չեն, սա երկու միջուկային տերությունների կողմից Իրանի դեմ իրականացված «չհրահրված ագրեսիա» է։ Մինչ մենք «լուրջ դիվանագիտական բանակցություններ» էինք վարում, ԱՄՆ-ն ու Իսրայելը վերջին 9 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակվեցին Իրանի վրա։ Դուք մտահոգվա՞ծ եք «համաշխարհային տնտեսության համար ստեղծված ռիսկերով»։ Իսկ ի՞նչ կասեք անմեղ քաղաքացիների մասին, այդ թվում՝ Մինաբ քաղաքում սպանված 175 փոքրիկ հրեշտակների և վերջին 7 օրում ամերիկա-իսրայելական հանցագործությունների հետևանքով ողջ Իրանում զոհված ու վնասվածքներ ստացած բազմաթիվ այլ մարդկանց մասին»,-  առարկել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին Գուտերեշին հիշեցրել է, որ ՄԱԿ-ը պետք է «անկողմնակալ լինի և Իրանի դեմ սանձազերծված այս անօրինական պատերազմի հարցում կատարի իր իրավական ու բարոյական պարտավորությունները»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան: