Իրանցի երկու բարձրաստիճան այաթոլլաներ կոչ են արել արագացնել Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Այաթոլլա Մաքարեմ Շիրազիի խոսքով՝ այս կարևոր հարցի ժամանակին լուծումը կհանգեցնի ազգային հեղինակության ամրապնդմանը և գործերի լավագույն կազմակերպմանը:
Իր հերթին, այաթոլլա Նուրի Համեդանին ընդգծել է, որ ակնկալում է Իրանի նոր Գերագույն առաջնորդի պաշտոնի ստանձնման գործընթացի արագացում:
Ըստ այաթոլլա Համեդանիի՝ դա թույլ կտա «միաժամանակ ընկճել թշնամուն և պահպանել ազգի միասնությունն ու համերաշխությունը, որն այս պահին առկա է ողջ երկրում, ինչպես նաև աջակցել երկիրը ագրեսորից պաշտպանող մեր հզոր զինված ուժերին»:
Իրանի Փորձագետների խորհուրդը մարտի 4-ին սկսել է հանրապետության նոր առաջնորդի ընտրության գործընթացը։ Իրավահաջորդի վերաբերյալ վերջնական որոշումը կհայտարարվի խորհրդի քարտուղարության միջոցով։
Փորձագետների խորհուրդը խորհրդատվական մարմին է, որը պատասխանատու է պետության բարձրագույն ղեկավարի նշանակման համար։ Դրա կազմում ընդգրկված են 88 աստվածաբան-իրավագետներ, որոնք ընտրվում են ութ տարի ժամկետով։
Երկրի Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն՝ փորձագետները պարտավոր են սեղմ ժամկետներում նշանակել նոր առաջնորդի՝ գործող ղեկավարի մահվան, հրաժարականի կամ պաշտոնանկության դեպքում։
Ամերիկյան լրատվամիջոցները զոհված այաթոլլայի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, անվանում են գերագույն առաջնորդի պաշտոնի համար մրցապայքարի գլխավոր ֆավորիտներից մեկը։





























