Հորդանանը մեղադրել է Իրանին թագավորության տարածքում գտնվող օբյեկտներին ուղիղ հարվածներ հասցնելու մեջ: Վերջին յոթ օրվա ընթացքում արձակվել է 119 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկա-իսրայելական հարվածները տարածաշրջանային պատերազմ են հրահրել Իրանի դեմ: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:
Հորդանանի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մուստաֆա Հայյարին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ խոցվել է 108 արկ: «Այս հրթիռներն ու անօդաչու սարքերը թիրախավորել էին Հորդանանի տարածքում գտնվող կենսական նշանակության օբյեկտները և պարզապես չէին անցնում մեր օդային տարածքով»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին։





























