«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի քարտուղարի հրապարակած զեկույցի համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերի մի քանի զինվորներ և հրամանատարներ են սպանվել կամ վիրավորվել. զգալի վնաս է հասցվել նաև ենթակառուցվածքներին ու ռեսուրսներին։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Հայտարարության մեջ ներկայացվում են հետևյալ մանրամասները. տարածաշրջանում գործող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի 21 զինծառայող է զոհվել, ևս մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Շտաբի տվյալներով՝ ԱՄՆ-ի «Ալ-Դաֆրա» ռազմական ավիաբազայում մոտ 200 մարդ է սպանվել և վիրավորվել։

Բացի այդ, Պարսից ծոցի հյուսիսային հատվածում հարվածներ են հասցվել ամերիկյան մի լցանավի:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը (ԻՀՊԿ) շաբաթ օրն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ռազմածովային անօդաչու սարքերը զանգվածային հարված են հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Ալ-Դաֆրա» ավիաբազային:

Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման ընթացքում հաջողությամբ խոցվել են թիրախները: Հարվածի արդյունքում խոցվել են ամերիկյան օդային ուժերի հրամանատարական կենտրոնը, արբանյակային կապի կենտրոնը, վաղ նախազգուշացման և կրակի կառավարման ռադարները:

Ալ-Դաֆրան ամենամեծ և ամենակարևոր ավիաբազաներից մեկն է, որը որպես հրամանատարական և վերահսկողական կենտրոն է ծառայում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան ուժերի համար։