Թբիլիսիում Իսրայելի դեսպանատունը հայտարարել է «ահաբեկչության և բռնության դեմ հստակ դիրքորոշման» անհրաժեշտության մասին։ Հայտարարությունը կատարվել է այն պատճառով, որ Վրաստանի կառավարության անդամը մասնակցել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունում կայացած սգո միջոցառումներին, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Ժողովուրդների միջև ճշմարիտ բարեկամությունը չափվում է նրանցով, ովքեր ընտրում են կյանքի, կայունության և համագործակցության ուղին և տարբերվում է նրանցով, ովքեր շարունակում են սերմանել ահաբեկչություն, ծայրահեղականություն և բռնություն։ Ճիշտ է, որ հարևաններին չեն ընտրում, բայց ընկերներին՝ ընտրում են։ Վրաց ու հրեա ժողովուրդների միջև 2600 տարվա բարեկամությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա, պետք է դրսևորվի նաև այսօր, հատկապես դժվարին ժամանակներում»,- ասված է Իսրայելի դեսպանատան Facebook-յան էջում տարածված հայտարարության մեջ։
Այսօր Վրաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանին հայտնել է, որ Վրաստանի կառավարության անդամը գրառում է կատարել սգո մատյանում՝ Ալի Խամենեիի և Իսլամական Հանրապետության այլ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Նա չի նշել հեղինակի անունը: «Ընկերները երևում են դժբախտ պահին»,- հավելել էր դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնյային:
Ավելի ուշ Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ դեսպանատուն է այցելել արտաքին գործերի փոխնախարարը, իսկ նրա թողած ուղերձում եղել է կառավարության կողմից նախկինում արված հայտարարությունը:
Մարտի 2-ին Վրաստանի կառավարությունը ցավակցություն է հայտնել թե՛ Իրանին, թե՛ Իսրայելին, ինչպես նաև համերաշխություն է հայտնել Պարսից ծոցի երկրներին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ երկիրը հույս ունի, որ դիվանագիտության և քաղաքական երկխոսության միջոցով հնարավոր կլինի շուտափույթ վերականգնել խաղաղությունը։
Սա Թբիլիսիի միակ պաշտոնական հայտարարությունն է Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր (անցած մեկ շաբաթվա ընթացքում)։


























