Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ոչ պաշտոնական նիստի շրջանակում, տեղեկացրել է «Անադոլուն»։

Հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է NSosyal  պլատֆորմի Թուրքիայի ԱԳՆ էջում, Ֆիդանը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպել է ԹՊԿ միջոցառման շրջանակում։

Սպասվում է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպման շրջանակում երկկողմ բանակցություններ կվարի նաեւ պատվիրակությունների այլ ղեկավարների հետ։

Երեկոյան Ստամբուլում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի նախագահությամբ նախատեսվում է հանդիպում, որին, Բայրամովից բացի, կմասնակցեն Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաեւը, Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սայիդովը, Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաեւը, ինչպես նաեւ ԹՊԿ գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւը։