«Պետք է ոչ թե պեռաշկի ուտել, այլ Իրանի հետ միասին քայլեր ձեռնարկել և որպես հարևան երկիր անել ամեն ինչ՝ պատետերազմն օր առաջ կանգնեցնելու համար»։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքատի առաջին թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Փորձե՞լ են զանգել, կապի դուրս գալ, առաջարկներ անել։ Մենք հարևան երկրներ ենք, մեր շահերը վտանգված են, պետք է դիրքորոշում որդեգրենք, ԱՄՆ-ին ու Եվրոպային մեր ձայնը լսեցնել տանք և ասենք՝ դադարեցրե՛ք։ Սա այն դեպքը չէ, որ գլուխդ ավազի մեջ գցես, ու մտածես, որ եթե դու ոչինչ չես տեսնում, ապա քեզ էլ չեն տեսնում։ Իմ առաջարկը ակտիվ քաղաքականություն վարելն է, և ոչ թե աթոռը պահելու համար, այլ քո երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Ես ուղղակի համոզված եմ, որ Պարսից ծոցի երկրներն ամենօրյա կապի մեջ են այլ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի հետ, և ահազանգում են, որ Իսրայելն, ըստ էության, հասել է իր նպատակին, փչացրել է հարաբերություններն Իրանի և այդ երկրների միջև։ Վտանգը չափազանց լուրջ է և մենք չենք կարող այդ մասին չխոսել»։

ՀՀ երկրորդ նախագահը, անդրադառնալով «Թրամփին ուղուն, նշեց, որ չի առաջարկում ընդհանրապես հրաժարվել այդ նախաձեռնությունից։

«Երբ խոսում էինք  «Թրամփի ուղու» մասին, ես չէի ասում, որ պետք է դրանից ընդհանրապես հրաժարվել։ Առաջարկում էի մեծացնել դրա մասշտաբը, ներգրավել այն պետություններին, որոնց նկատմամբ Իրանում թշնամական վերաբերմունք չկա, հակառակը՝ բարեկամական հարաբերություններ են։ Այդ դեպքում  «Թրամփի ուղու» ընկալումը մեր հարևան Իրանի կողմից կփոխվի, և այն չի դիտվի որպես թշնամական նախաձեռնություն»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանը։