Չինաստանը կոչ է անում Մերձավոր Արևելքում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար, կիրակի հայտարարել է ՉԺՀ արտգործնախարար Վան Ի-ն, հայտնում է Սինխուան։

«Սա պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր, և պատերազմ, որը ոչ մեկին որևէ օգուտ չի բերի», – ասել է Վան Ի-ն։

Ըստ նրա, հարցը չունի ուժային լուծում, ռազմական գործողությունները ծնում են նոր ատելություն և ավելի են սրում արդեն լարված իրավիճակը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային կորուստների։ Դրան ի պատասխան, Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին։