ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Իրան հատուկջոկատայիններ ուղարկելու հարցը՝ բարձր հարստացված ուրանի պաշարների անվտանգությունն ապահովելու համար պատերազմի ավելի ուշ փուլում, գրում է Axios-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։

Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած ռազմական նպատակներից մեկն է, հիշեցնում է լրատվամիջոցը։

«Ռեժիմի ունեցած 60% հարստացված 450 կիլոգրամ ուրանը, որը մի քանի շաբաթվա ընթացքում կարող է վերածվել զենքի համար պիտանի նյութի, այդ նպատակին հասնելու հիմնական գործոններից է։ Նյութերի առգրավման ցանկացած գործողություն, ամենայն հավանականությամբ, կպահանջի ամերիկյան կամ իսրայելական զորքերի ներկայություն Իրանի տարածքում, ինչպես նաև ներթափանցում խիստ ամրացված ստորգետնյա կառույցներ պատերազմի թեժ պահին։ Դեռևս պարզ չէ՝ դա կլինի ամերիկյա՞ն, իսրայելակա՞ն, թե՞ համատեղ առաքելություն։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ երկու երկրներն էլ համոզվեն, որ Իրանի զինված ուժերն այլևս չեն կարող լուրջ սպառնալիք ներկայացնել ներգրավված ուժերի համար», - ընդգծվում է հոդվածում։

Երեքշաբթի Կոնգրեսում կայացած ճեպազրույցի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հարցրել են՝ արդյոք կապահովվի իրանական հարստացված ուրանի անվտանգությունը։ «Մարդիկ պետք է գնան և վերցնեն այն», - ասել է նա՝ չհստակեցնելով, թե հատկապես ովքեր։

Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ Թրամփն ու նրա թիմը լրջորեն դիտարկում են Իրան հատուկ նշանակության ստորաբաժանումներ ուղարկելու հնարավորությունը՝ կոնկրետ առաջադրանքներ կատարելու համար։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ վարչակազմը քննարկել է երկու տարբերակ՝ նյութերն ամբողջությամբ դուրս բերել Իրանից կամ ներգրավել միջուկային փորձագետների՝ դրանք տեղում նոսրացնելու համար։ Առաքելության մեջ, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն հատուկ օպերատորներ, ինչպես նաև գիտնականներ՝ հնարավոր է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ)։

Խնդրին իրազեկ երկու աղբյուր հայտնել են, որ նման գործողությունները եղել են մինչև պատերազմը Թրամփին ներկայացված հնարավոր տարբերակների ցանկում։

Ամերիկացի պաշտոնյան ներկայացրել է իրանական ուրանի պահպանման ապահովման օպերատիվ խնդիրը։

«Առաջին հարցն այն է՝ որտե՞ղ է այն գտնվում։ Երկրորդ հարցը՝ ինչպե՞ս հասնել դրան և ինչպե՞ս հաստատել ֆիզիկական վերահսկողություն։ Եվ հետո դա կլինի նախագահի, Ռազմական դեպարտամենտի և ԿՀՎ-ի որոշումը՝ արդյոք ցանկանում ենք ֆիզիկապես տեղափոխել այն, թե՞ նոսրացնել տարածքներում», - պատմել է նա։

Շաբաթ օրը Air Force One-ի օդանավում Թրամփը լրագրողներին ասել է, որ ցամաքային զորքերի ներգրավումը հնարավոր է, բայց միայն «շատ հիմնավոր պատճառով»։ «Եթե մենք երբևէ անենք դա, իրանցիներն այնքան ջախջախված պետք է լինեն, որ չկարողանան կռվել գետնի վրա», - ասել է նա։ Պատասխանելով կոնկրետ այն հարցին, թե արդյոք զորքեր կարող են մտցվել միջուկային նյութերի անվտանգությունն ապահովելու համար, Թրամփը դա չի բացառել։

Անցյալ տարվա հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկա-իսրայելական հարվածները թաղել են իրանական ուրանի պաշարները փլատակների տակ։ Ըստ ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաների՝ իրանցիներն այդ ժամանակից ի վեր չեն կարողանում հասնել դրանց։

Հարվածները ոչնչացրել են նաև իրանական գրեթե բոլոր ցենտրիֆուգները, և չկա որևէ ապացույց, որ ուրանի հարստացումը վերսկսվել է։ ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշարների մեծ մասը գտնվում է Սպահանի միջուկային օբյեկտի ստորգետնյա թունելներում, իսկ մնացած մասը բաշխված է Ֆորդոյի և Նաթանզի միջև։

«ԱՄՆ-ն և Իսրայելը 60% հարստացված 450 կիլոգրամ իրանական ուրանը դիտարկում են որպես լուրջ սպառնալիք, քանի որ այն զենքի մակարդակի հարստացնելու համար կպահանջվեն ընդամենը շաբաթներ։ Եթե ողջ պաշարը զտվեր մինչև 90%, այդ նյութը կբավականացներ 11 միջուկային ռումբի համար», - գրում է պարբերականը։