Իսրայելի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը նախազգուշացրել է, որ երկրում արտակարգ դրությունը կարող է տևել «շատ ավելի երկար», քանի որ Մերձավոր Արևելքը համակված է պատերազմով, հայտնում է Al Jazeera-ն։
«Իսրայելում արդեն երկու տարի է՝ արտակարգ դրություն է գործում։ Պետք է ակնկալենք, որ այն կտևի շատ ավելի երկար. համբերություն է պետք»,- տեսաուղերձում հայտարարել է Զամիրը։
Նա ասել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը «կշարունակի բարձր գին վճարել» Իսրայելի վրա հարձակումների համար։
«Գիշերը մենք հարվածներ ենք հասցրել Բեյրութում գտնվող իրանական «Ալ-Ղուդս» ստորաբաժանումներին։ Ասում եմ ձեզ, որ Մերձավոր Արևելքում ոչ մի տեղ՝ ո՛չ Բեյրութում, ո՛չ էլ որևէ այլ վայրում, իրանական չարիքի զենքի համար անվտանգ տեղ չկա»,- ասել է Զամիրը։
Ավելի վաղ «Հեզբոլլահի» հարձակումների հետևանքով երկու իսրայելցի զինվոր էր սպանվել։
«Հյուսիսային բնակավայրերը ենթարկվել են բավականին ինտենսիվ ռմբակոծության, իսկ գիշերը նաև միջադեպ է տեղի ունեցել»,- հավելել է Զամիրը՝ մեկնաբանելով զինծառայողների մահը։