Կազան-Եկատերինբուրգ չվերթն իրականացնող Ռուսական Red Wings ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռն անսարքության պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան: Ավիափոխադրողը հայտնել է, որ պատճառը եղել են շասսիի հետ կապված խնդիրները: Օդանավում գտնվել է 85 ուղևոր: Վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել: Red Wings-ը խոստացել է պահուստային ինքնաթիռ տրամադրել: «Կոլցովո» օդանավակայանի չվացուցակի տվյալներից երևում է, որ չվերթը համակցվել է NordStar ավիաընկերության Y7-7068 չվերթի հետ: Թռիչքը նույնպես իրականացվում է Sukhoi Superjet օդանավով:
Սա մեկ օրվա ընթացքում ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների խափանման հետ կապված երկրորդ միջադեպն է։ Մարտի 8-ի երեկոյան տագնապի ազդանշան է տվել Azur Air-ի չարտերային Boeing 767-300 օդանավը, որը Տյումենից ուղևորվում էր վիետնամական Նյաչանգ։ Դա տեղի է ունեցել թռիչքից վեց ժամ անց՝ Մյանմայի մոտակայքում։ Ինքնաթիռի մոտ շարժիչի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել Մյանմայի մոտակա օդանավակայանում՝ Յանգոնում։ 336 ուղևորներից և անձնակազմի տասը անդամներից ոչ ոք չի տուժել։ Azur Air-ի Boeing 767 ինքնաթիռի շարժիչն արդեն երկու անգամ բռնկվել է։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել փետրվարի 27-ին, երբ օդանավը պետք է ռուսաստանցիներին վիետնամական Ֆուկուոկ կղզուց տեղափոխեր Կազան։ Մարտի 2-ին իրավիճակը կրկնվել էր, բայց այս անգամ արդեն Մոսկվայից թաիլանդական Պատայա մեկնելիս։ Ինքնաթիռը կարողացել է հասնել նշանակման վայր։ Ապրիլից Azur Air-ը կկրճատի հաստիքացուցակը և թռիչքային ծրագիրը՝ ինքնաթիռների անսարքությունների, պետական մարմինների ստուգումների և չվերթների բազմաժամյա ուշացումների վերաբերյալ ուղևորների բողոքների ֆոնին։





























