Այս պահին Իրանը պատերազմի մեջ է և այս պայմաններում շատ կարևոր է, որ Իրանի հոգևոր առաջնորդ ընտրվի, քանի որ այդ ինստիտուտի շուրջը համախմբվում են քաղաքական և ռազմական խավերը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց իրանցի վերլուծաբան Պույա Հոսեյնին՝ անդրադառնալով նրան, որ Իրանի հոգևոր առաջնորդ է ընտրվել զոհված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։
«Դա Իրանի Իսլամական Հանրապետությունի ամենակարևոր սյուներից մեկ է և դրա համար այս պահին այդ համախմբվածությունը, այդ կենտրոնական ուժը պահպանելու համար նախկին հոգևոր առաջնորդի որդին է ընտրվել, որովհետև ինքը սերտ կապված է եղել տարիներ շարունակ Իրանի ուժայինների հետ, անվտանգության հետ։ Այս պահին եթե այլ առաջնորդ նշանակեին, կարող է իրապես չկարողանար պատերազմի ժամանակ համախմբում ապահովել և թույլ չտալ, որ տարաջատում լինի ուժայինների միջև։
Իհարկե, ԱՄՆ–ն ուզում է Վենեսուելայի տարբերակով այստեղ նշանակել իրեն խամաճիկ ղեկավար, որ կարողանա Իրանի ճակատագիրը որոշել, բայց Իրանը մերժում է, և քանի դեռ ուժ ունի, կպահպանի նույն համակարգը։
Հիմա փորձում են ռազմական ուժով այդ փոփոխությունը կատարել։ Արդեն պատերազմի 9–րդ օրն է, և Իրանի համակարգում փլուզում չկա, նույն ինտենսիվությամբ պատերազմը շարունակում է։ Իրանը պաշտպանվում է իր հողում և այդ առումով իր համար ավելի հեշտ է։ Դեռ մինչև պատերազմը Իրանը նախապատրաստվել է երկարատև պատերազմի սցենարին։ Իրանը նաև Հորմուզի նեղուցն է փակել, որով ճնշում է աշխարհի տնտեսություններին։ Մենք տեսնում ենք, որ նավթի գինը անցել է 110 դոլարից։ Դա կբերի աշխարհում մեծ տնտեսական ճնշում։ Իրանը սպառնում է, որ կդադարեցնի էներգետիկ տրանզիտը այդ հատվածում, և ինչքան երկարի պատերազմը, այքան Իրանն ավելի շահավետ դիրքում է հայտնվելու»,–ասաց նա։
Փորձագետը նկատեց, որ 30-40 տարի է՝ Իրանը տնտեսական պատերազմի մեջ է, նրա դեմ կիրառվում են ծանր պատժամիջոցներ. Իրանը ոչ մի գործիքակազմ, գործիք չի ունեցել, որ պատասխան տա, հիմա այդ հնարավորությունը է ստեղծել Իրանի համար, որ պատասխան տա։ Հիմա բոլոր նավթային և տրանզիտ ճանապարհները փակել է և թույլ չի տալիս անգամ մի լիտր նավթ Հորմուզի նաղուցով տեղափոխվի։ Դրանով կարող է Իրանը խաղի կանոնները փոխել։
Իհարկե, Իրանը, ռազմապես ավելի թույլ է, քան ԱՄՆ–ն և Իսրայելը, որոնք երկուսն էլ միջուկային երկրներ են, բայց Իրանը խաղաքարտներ ունի, որոնցով կարող է այդ բալանսը պահպանել։ Եթե պատերազմը երկարի, տնտեսական վնասներ կրող երկրները կսկսեն ճնշում գործադրել ԱՄՆ–ի դեմ։ Այդ առումով եթե պատերազմը տևական լինի, դա Իրանին շահավետ է։
Իհարկե, մենք մեծ կորուստներ ենք կրում և ֆինանսապես, և ֆիզիկապես, Իրանը շատ ծանր հարվածի տակ է, բայց այս պատերազմը կորոշվի առաջիկա 20-30 տարիների համար աշխարհի դիրքավորումները։ Սա նաև Չինաստանի դեմ է, քանի որ Վենեսուեալյից հետո ուզում են վերահսկել նաև Իրանի նավթի պաշարները և դրանով խեղճացնեն Չինաստանին, ավելի շահավետ դիրքում գտնվեն Չինաստանի դեմ»,– ընդգծեց Հոսեյնին։











