Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Իրանում պատերազմի հետևանքներն արդեն զգացվում են Եվրոպայում և ազդում են տարբեր ոլորտների վրա։

«Մենք այժմ ականատես ենք լինում տարածաշրջանային հակամարտության՝ անկանխատեսելի հետևանքներով։ Եվ այս «տարածման ազդեցություն» այսօր արդեն իրականություն է»,- ԵՄ դեսպաններին Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ հեռախոսազրույցից առաջ հայտարարել է ֆոն դեր Լայենը։

«Մեր քաղաքացիները հայտնվել են խաչաձև կրակի տակ։ Մեր գործընկերները հարձակման տակ են»,- նշել է նա՝ հղում անելով Կիպրոսում (ԵՄ անդամ) բրիտանական բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածին, առևտրի խափանումներին և «մարդկանց տեղահանմանը»։

Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ «իմաստ չունի արցունք թափել իրանական ռեժիմի համար»։

«Իրանական ժողովուրդն արժանի է ազատության, արժանապատվության և իր ապագան որոշելու իրավունքի, նույնիսկ եթե հասկանում ենք, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո դա կհանգեցնի վտանգի և անկայունության»,- հավելել է նա։