The National Interest պարբերականը վերլուծել է, թե ինչպես է Ադրբեջանն ընկալում Իրանի շուրջ ծավալվող պատերազմական գործողությունները և ինչ գործոններ են ձևավորում Բաքվի դիրքորոշումը։

Ըստ հոդվածի՝ առանցքային դրվագներից մեկը այն միջադեպն է, երբ իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանին, ինչը լրջորեն սրել է Բաքվի և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունները։

Ադրբեջանը Իրանից պահանջել է պաշտոնական ներողություն և հայտարարել հնարավոր պատասխան գործողությունների մասին, եթե Թեհրանի արձագանքն անբավարար լինի։ Այս դրվագն ընդգծել է իրանական կողմի գործողությունների նկատմամբ Բաքվի աճող անվստահությունը։

Հոդվածի հեղինակն Ադրբեջանը նկարագրում է որպես «ռազմավարական նշանակության խաղացող», որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այն միակ երկիրն է, որը ցամաքային սահմաններ ունի և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ, ինչը նրան առանցքային տարր է դարձնում տարանցիկ միջանցքների ծրագրերում, ինչպիսին է TRIPP նախաձեռնությունը։

Այս երթուղիները նպատակ ունեն Կասպից ծովի տարածաշրջանը կապել արևմտյան շուկաների հետ և նվազեցնել Ռուսաստանի ու Իրանի տարածքով անցնող ավանդական ուղիներից կախվածությունը։ Տեքստում ընդգծվում է, որ Իրանն այս նախագծերը որպես սպառնալիք է դիտարկում տարածաշրջանային առևտրային զարկերակների և էներգետիկ հոսքերի վրա իր ունեցած ազդեցության համար։

«Իրանը ձգտում է սաբոտաժի ենթարկել այն ենթակառուցվածքային նախագծերը, որոնք թուլացնում են իր ազդեցությունը, և Նախիջևանի վրա հարձակումն այդ ռազմավարության մի մասն է», — պնդում է հոդվածի հեղինակը։

Բացի այդ, հեղինակը նշում է, որ Ադրբեջանը կարող է կայունացնող գործոնի դեր խաղալ Իրանի հետ ապագա հարաբերություններում՝ Իրանի ներսում բնակվող ադրբեջանական համայնքների հետ ունեցած իր պատմական, էթնիկ և մշակութային կապերի շնորհիվ։ Այս դիրքը Բաքվին պոտենցիալ միջնորդ է դարձնում հակամարտությունների կարգավորման և Եվրասիայում նոր տնտեսական միջանցքների ամրապնդման գործում։

Վաշինգտոնի և նրա դաշնակիցների տեսանկյունից՝ Ադրբեջանը դիտարկվում է որպես էներգետիկ երթուղիների և տարանցիկ միջանցքների անվտանգության ապահովման առանցքային գործընկեր, ինչը երկրին հավելյալ կշիռ է հաղորդում ընթացող պատերազմի ֆոնին արվող աշխարհաքաղաքական հաշվարկներում։