ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վարչակազմը ժամանակավորապես չեղարկում է նավթային ոլորտին առնչվող պատժամիջոցների մի մասը։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս քայլն ուղղված է համաշխարհային էներգետիկ շուկաների կայունացմանը՝ նավթի գների կտրուկ աճի ֆոնին, որն առաջացել է Իրանի շուրջ ընթացող պատերազմի և Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանման հետևանքով։

Թրամփը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները կհանեն որոշ երկրների և նավթային արդյունաբերության հետ կապված առևտրային գործառնությունների դեմ գործող սահմանափակումները այնքան ժամանակ, «մինչև իրավիճակը նորմալանա»։

Այնուամենայնիվ նախագահը չի հստակեցրել, թե հատկապես որ երկրներին կամ պատժամիջոցներին է վերաբերում այս որոշումը, նա ընդգծել է, որ քայլի հիմնական նպատակն է ապահովել շուկայում նավթի բավարար քանակությունն ու նվազեցնել սպառողների վրա գնային ճնշումը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ պատժամիջոցների չեղարկումը ժամանակավոր միջոց է, որն անհրաժեշտ է էներգետիկ կայունությանն աջակցելու համար, և որ սահմանափակումները կարող են վերականգնվել, եթե հանգամանքները փոխվեն։ Նման քաղաքականության մասին հայտարարվել է դաշնակիցների հետ քննարկումների և խոշոր էներգակիր արտադրողների հետ խորհրդակցությունների ֆոնին։

Գործակալությունն ընդգծում է, որ վարչակազմը դիտարկում է նաև ռուսական նավթի արտահանման դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացումը, ներառյալ հնարավոր բացառությունները որոշակի գնորդների համար, ինչպիսին է Հնդկաստանը, ինչը նույնպես կարող է օգնել ավելացնել մատակարարումների ընդհանուր ծավալը համաշխարհային շուկայում։

Սպիտակ տան այս քայլերն ուղղված են շուկաները հանգստացնելուն։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեկ բարելի համար նավթի արժեքն աճել է մինչև 120 դոլարին մոտ մակարդակի, ինչպես նաև աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում ամերիկյան սպառողների և բիզնեսի վրա տնտեսական ճնշումը նվազեցնելուն։