Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հստակ պայման է առաջ քաշել արաբական և եվրոպական երկրների համար՝ Հորմուզի նեղուցով նավարկելու իրավունք ստանալու վերաբերյալ։
«Ցանկացած արաբական կամ եվրոպական պետություն, որն իր տարածքից վտարի Իսրայելի և ԱՄՆ-ի դեսպաններին, վաղվանից Հորմուզի նեղուցով անարգել ու ազատ տեղաշարժվելու լիարժեք իրավունք կստանա», - ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերում IRIB հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը փետրվարի 28-ից՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը «որևէ քայլ ձեռնարկի Հորմուզի նեղուցով նավթի հոսքը կասեցնելու ուղղությամբ, ապա ԱՄՆ-ն նրան քսան անգամ ավելի ուժգին կհարվածի, քան մինչ այս եղած բոլոր հարվածները»։
ԱՄՆ նախագահը նախկինում նշել էր նաև, որ «մտածում է» Հորմուզի նեղուցը վերահսկողության տակ վերցնելու մասին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «շատ բան կարող է անել» այս ջրային ուղու հետ կապված և սպառնացել էր Իրանին, եթե վերջինս խոչընդոտի նավերի տեղաշարժին։
Թրամփը նաև պնդել էր, որ այս պահին նեղուցը բաց է և նավերն անցնում են դրանով, սակայն միևնույն ժամանակ վերահաստատել էր, որ դեռևս «դիտարկում է այն իր վերահսկողության տակ առնելու տարբերակը»։





























