ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները, գրում է The Wall Street Journal-ը։

Ըստ պարբերականի՝ Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ռազմական գործողությունը զգալի առաջընթաց է գրանցել և կարող է ավարտվել «շատ շուտով»։ Նա ընդգծել է, որ առաքելությունն ընթանում է «ժամանակացույցից զգալիորեն առաջ», թեև ռազմարշավի ավարտի կոնկրետ ժամկետներ չի նշել։

Ըստ WSJ-ի տվյալների, վարչակազմի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ փաստում են, որ եթե Թեհրանը շարունակի հարևան երկրների վրա հարձակումները և մարտական գործողությունները չմեղմվեն, ապա ԱՄՆ-ի համար չափազանց բարդ կլինի պարզապես դուրս գալ պատերազմից։

Այս ամենի հետ կապված՝ խորհրդականները Թրամփին հորդորում են հստակ հայտարարել, որ ռազմական նպատակները գրեթե իրագործված են, և ներկայացնել ամերիկյան ուժերի ներգրավվածության ավարտի ծրագիրը՝ երկրի ներսում քաղաքական ռիսկերը նվազեցնելու համար։ Պաշտոնյաներից մեկը պարբերականին հայտնել է, որ «Թրամփը չի դադարեցնի մարտական գործողությունները, քանի դեռ չի կարող հայտարարել համոզիչ հաղթանակի մասին, հատկապես երբ ԱՄՆ-ն ռազմական առավելություն ունի»։

Հենց ինքը՝ Թրամփը, նույնպես խոստովանել է, որ իրավիճակն ավելի բարդ է զարգանում, քան ակնկալվում էր։ Նա իր դժգոհությունն է հայտնել Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակվելու փաստի առնչությամբ՝ նշելով, որ դա վկայում է Թեհրանի՝ նահանջելու մտադրություն չունենալու մասին։ Հարցազրույցի ժամանակ նախագահը հայտարարել է, որ ձգտում է ստեղծել «մի համակարգ, որը երկարամյա խաղաղություն կբերի», իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է հնարավորինս շուտ ավարտել պատերազմը։