Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այս երեքշաբթի իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արաղչին Ֆիդանին տեղեկացրել է, որ Թեհրանը հրթիռների հետ կապված մանրակրկիտ հետաքննություն է անցկացրել։
Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ Ֆիդանը վերահաստատել է Թուրքիայի պահանջը բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել քաղաքացիական բնակչությանը։ Նա նաև ասել է Արաղչիին, որ Անկարան միջոցներ կձեռնարկի իր ուղղությամբ նշանառված հրթիռների դեմ։





























