Աշխարհում նավթի խոշորագույն արտահանող սաուդյան Aramco ընկերությունը նախազգուշացրել է, որ Իրանի հետ պատերազմի շարունակումը և էներգակիրների տեղափոխման առանցքային ուղի հանդիսացող Հորմուզի նեղուցով անցման խաթարումը կարող են «աղետալի հետևանքներ» ունենալ համաշխարհային նավթային շուկաների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Aramco-ի գլխավոր տնօրեն Ամին Նասերը հայտարարել է, որ բացի նավագնացության և ապահովագրական ոլորտների ձախողումներից, շարունակվող խափանումները կարող են «կասկադային հետևանքներ» առաջացնել ավիացիայի, գյուղատնտեսության, ավտոմոբիլային արդյունաբերության և այլ ոլորտների համար։

«Համաշխարհային նավթային շուկաների համար դա կհանգեցնի աղետալի հետևանքների, և որքան երկար տևեն խափանումները, այնքան ավելի լուրջ կլինեն գլոբալ տնտեսության համար առաջոցող հետևանքները», — ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ նավթի համաշխարհային պաշարները գտնվում են վերջին հինգ տարվա նվազագույն մակարդակին։

Նրա խոսքով՝ ընկերությունը մի քանի օրվա ընթացքում կկարողանա արտահանել հում նավթի իր սովորական ծավալների մոտ 70%-ը։ Նասերը հայտնել է, որ Aramco-ն աշխատում է Կարմիր ծովի նավահանգստով արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ, ինչը թույլ կտա համաշխարհային շուկա մատակարարել օրական մոտ 5 միլիոն բարել՝ առանց Հորմուզի նեղուցով անցնելու։

«Նավահանգիստների փակման մեկնարկից անմիջապես հետո մենք ավելացրինք Արևելք-Արևմուտք խողովակաշարի միջոցով արտադրությունը, որն ունակ է օրական մինչև 7 միլիոն բարել մղել, որի մեծ մասը նախատեսված է արտահանման համար։

Մոտ 2 միլիոն բարելը կօգտագործվի արևմտյան շրջանների գործող նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) ապահովման համար, որոնք արտադրանքի մի մասն արտահանում են համաշխարհային շուկա։ Մենք ավելացնում ենք ծավալները և մի քանի օրից պետք է հասնենք առավելագույն հզորության։ ...Ինչպես արդեն ասացի, մի քանի օրվա ընթացքում մենք պետք է հասնենք East-West Pipeline-ի լիարժեք հզորությանը՝ այն պայմանով, որ պետք է լինեն նաև անհրաժեշտ նավերը, որոնք այժմ ճանապարհին են»։