100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը եղել ու մնում է հետընտրական գործընթացներում 1995-ից սկսած: Այս մասին այսօր` փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը (ֆոտոռեպորտաժ):
Նրա խոսքով, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելն ընդդիմության կողմից մի փոքր քայլ է` իջեցնելու այն տհաճ երեւույթների մակարդակը, որին ականատես ենք լինում ընտրությունների ժամանակ:
Վերջինս ահազանգում է նաեւ, որ մեծամասնականով առաջադրվելու համար բավական է մոտավորապես 1 միլիոն դրամի գումար ունենալ եւ դու կարող ես առաջադրվել ու քո կենսագրության մեջ գրել, որ դու պատգամավորության թեկնածու ես եղել: Բանավեճին հրավիրված ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նկատեց, որ եթե «Ժառանգությունը» մեծամասնականով առաջադրելու համար 41 պատգամավոր ունենար, իրենք էլ մեծամասնականով կառաջադրեին իրենց թեկնածուներին:
Սրան ի պատասխան, Լարիս Ալավերդյանն ասաց, որ դա հիշեցնում է Ալի Բաբայի եւ 40 ավազակների պատմությունը:
Ի դեպ, Հովհաննես Սահակյանը նշեց, որ Լոռիի մարզից ընտրված պատգամավորները միշտ կանգնած են եղել տեղի բնակչության կողքին, երբ վերջիններս խնդիրներ են ունեցել: «Բազմաթիվ հարցեր են եղել, ճանապարհ է փլուզվել, շոգեքարշի հետ կապված խնդիրներ են առաջացել եւ այլն ու մենք բոլորս կանգնել են այնտեղ: Մեծամասնականով ընտրված Կարեն Սարիբեկյանը, Արկադի Համբարձումյանը, ես: Բազմաթիվ անգամ կառավարության դռներն ենք ջարդել, մտել ենք այնտեղ, դուրս եկել, համոզվել, ձեւաչափ փոխել»,- հիշեց Հովհաննես Սահակյանը:
Լարիսա Ալավերդյանն էլ արձագանքեց, որ կառավարության դռները ջարդելու փոխարեն թող կառավարությունը փոխեն եւ ամեն ինչ լավ կլինի:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի



























