Թուրքիան եթե ցանկանար մտնել պատերազմի մեջ, ինքը բավականին շատ առիթներ ուներ դա անելու, առիթներ կստեղծեր դա անելու, սակայն, ինչքան էլ որ փորձում են ստիպել, Թուրքիան փորձում է սառնասրտորեն մոտենալ թե՛ Իրանի հարվածներին, թե՛ իրեն պատերազմի մեջ մտցնելուն ուղղված այդ սադրանքներին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
«Թուրքիան դեռ չի ցանկանում մտնել պատերազմի մեջ և դա ունի հիմնավոր պատճառներ։ Նախ, այս պահին Թուրքիայում, թե ներքաղաքական կյանքում, թե տնտեսական իրավիճակը այնքան էլ Էրդողանի սրտով չէ. առաջիկայում ընտրություններ են, բավականին անելիքներ ունի Թուրքիայի իշխող կուսակցությունը Էրդողանի գլխավորությամբ, և հավանական պատերազմը առաջին հերթին վատթարացնելու է տնտեսական վիճակը, քանի որ Թուրքիան Իրանի հետ ունի բազմակողմանի էներգետիկ համագործակցություն։ Այդ ամբողջը կփլուզվի, կբարձրանան էներգետիկ բոլոր ծախսերը Թուրքիայի համար, այսինքն սա կլինի Թուրքիայի համար բավականին անբարենպաստ բան։
Բացի տնտեսական և քաղաքական գործոնը, նաև կա աշխարհաքաղաքական գործոն. Թուրքիան երկար տարիներ հենց Էրդողանի օրոք փորձում է իսլամական աշխարհում կրկին ստանձնել լիդերի դերակատարումը։ Գիտենք, որ նաև Դավութօղլուի գլխավորությամբ նոր օսմանականություն էին փորձում մտցնել, որն անհաջողության մատնվեց։ Այսինքն եթե Թուրքիան հիմա մտնում է պատերազմի մեջ Իրանի դեմ, նա փաստացի պայքարում է Ամերիկայի և Իսրայելի հետ։ Այսինքն Իսլամի դեմ պայքարող երկրների կողմից նա մտնում է իսլամական մեկ այլ պետության դեմ պայքարի մեջ։ Սա երկրորդ լուրջ պատճառն է, որ Թուրքիան չի ցանկանում այսքան տարիներ իսլամական դերակատարություն ստանձնելու իր աշխատանքները ամբողջովին ջուրը նետել»,–ասաց նա։
Երրորդ պատճառն, ըստ թուրքագետի, այն է, որ պատերազմի դեպքում Թուրքիայում մեկ այլ խնդիր կրկին գլուխ կբարձրացնի՝ քրդական գործոնը Թուրքիայի արևելքում. «Մենք գիտենք, որ Թուրքիայում ընթանում է քրդական հարցի կարգավորում՝ Աբդուլլա Օջալանի կոչով, իսկ այս դեպքում նորից նպաստավոր պայմաններ կստեղծվեն քրդերի գործունեության ընդլայման համար։ Այսինքն, Թուրքիան ունի մի քանի վտանգներ, որի պատճառով դեռ չի ցանկանում մտնել պատերազմի մեջ։
Բացի դա, Թուրքիան ունի նաև նախկին իր պատմության փորձերը, երբ շուտ մտնելը ինչքան վնաս տվեց իրեն, կամ ուշ մտնելը, ի դեմս Երկրորդ Համաշխարհային պատերազմի, ինչքան օգուտ տվեց Թուրքիան և ինքը փրկվեց պարտվողի խարանից և կապիտուլյացիայից։ Էրդողանի ռազմավարությունը հիմա ժամանակ ձգելն է, քանի որ մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում ոչ ԱՄՆ–Իսրայել կողմն է պարտվելու, ոչ էր Իրանն է պարտության մատնվելու։ Ելքը դեռ որոշակի չէ, և Թուրքիան ունի իր ռազմավարությունը՝ երբ արժի խառնվել պատերազմին։ Այս պահին Թուրքիան ուղղակի հետևում է»,– հայտարարեց Անդրանիկ Իսպիրյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











