Միացյալ Նահանգները դիմել է Ռումինիայի կառավարությանը՝ երկրի արևելքում գտնվող «Միխայիլ Կոգելնիչանու» ավիաբազայում լրացուցիչ ուժեր տեղակայելու խնդրանքով։ Այս ստորաբաժանումները հետագայում պետք է ներգրավվեն Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է ռումինական Digi24 հեռուստաալիքը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։

Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը հավելյալ կործանիչների և զինծառայողների տեղակայման մասին է, սակայն հստակ թվաքանակ չի նշվում։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանն իր հերթին մարտի 11-ի առավոտյան երկրի Պաշտպանության գերագույն խորհրդի նիստ կհրավիրի, որի ընթացքում կքննարկվի Ռումինիայի տարածքում ամերիկյան զինուժի ժամանակավոր տեղակայման հարցը։