ԱՄՆ ռազմածովային ուժերը գրեթե ամեն օր հրաժարվում են ուղեկցել Հորմուզի նեղուցով նավարկող լցանավերը, թեև ամերիկյան իշխանությունները խոստացել էին շուտով նման գործողություններ սկսել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ ստացված տեղեկությունների՝ բեռնափոխադրող ընկերությունները գրեթե ամեն օր դիմում են ԱՄՆ ռազմածովային հրամանատարությանը՝ նավերի անվտանգությունն ապահովելու խնդրանքով, սակայն զինվորականները գտնում են, որ նման գործողությունները ներկայումս «չափազանց վտանգավոր» են։
Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը X սոցիալական ցանցում գրառում էր կատարել այն մասին, թե ամերիկյան ուժերն արդեն ուղեկցել են մի նավթակիր լցանավի։ Սակայն կարճ ժամանակ անց պաշտոնյան հեռացրել էր հրապարակումը, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը ճեպազրույցի ժամանակ հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները դեռևս նավթակիր լցանավերի ուղեկցման գործողություններ չի իրականացրել։





























