ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) փորձագետները մտավախություն ունեն, որ Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումը կհանգեցնի սննդամթերքի համաշխարհային գների աճի։ Այս մասին նշված է կազմակերպության կայքում երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում։
«Էներգակիրների, պարարտանյութերի և տրանսպորտային ծառայությունների, ներառյալ ծովային փոխադրումների, նավային վառելիքի և ապահովագրության արժեքի թանկացումը կարող է հանգեցնել սննդամթերքի ինքնարժեքի բարձրացման և ուժեղացնել տնային տնտեսությունների բյուջեների վրա գործադրվող ճնշումը, հատկապես բնակչության առավել խոցելի շերտերի շրջանում», - գրում են կազմակերպության փորձագետները։
Նրանք նշում են, որ էներգետիկ շուկաներն անմիջապես արձագանքել են նեղուցով տարանցման արգելափակմանը։ Հիմնվելով 1990 թվականի հունվարից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածի էներգետիկ ճգնաժամերի տվյալների վերլուծության վրա՝ ՅՈՒՆԿՏԱԴ-ում մատնանշում են նավթի և սննդամթերքի գների աճի միջև ուղիղ փոխկապակցվածությունը։
Մարտի 2-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին զգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի արտահանման մոտ մեկ հինգերորդը, կփակվի նավերի անցման համար՝ հանրապետության դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության պատճառով։ Մարտի 5-ին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ նեղուցը փակ չէ, իսկ նավերը, այդ թվում՝ լցանավերը, իրենց կամքով չեն փորձում հատել այն՝ վախենալով երկու կողմերի հարվածներից։





























